Պենտագոնը Սիրիայում ռազմական գործողություններ չի ծրագրում

14:53 • 09.02.12

ԱՄՆ-ը չի ծրագրում ռազմական օպերացիա սկսել Սիրիայի դեմ, և կողմ է հակամարտության դիվանագիտական լուծմանը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Փերինը` անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, համաձայն որոնց` ԱՄՆ-ը Սիրիային հարված հասցնելու ծրագիր է մշակում:

«Մեր ռազմական գերատեսչությունը միշտ է նախապատրաստվում իրավիճակի զարգացման տարբեր սցենարներին: Սա այն է, ինչ մենք անում ենք: Մենք, նախկինի պես, առաջնահերթությունը տալիս ենք խնդրի լուծման դիվանագիտական մեթոդներին, ինչը, մեր կարծիքով, դեռ հնարավոր է», - ասել է նա:

Երեկ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ Պենտագոնը Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու ծրագիր է մշակում:

Հիշեցնենք, որ Սիրիայում 2011թ. մարտից բախումներ են տեղի ունենում սիրիական բանակի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6.000 մարդ: