Գործադիրը մերժում է ամբողջությամբ համամասնականի շուրջ քննարկումների առաջարկը
Կառավարությունը այսօր մերժեց ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ քննարկումներ կազմակերպելու առաջարկը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Մուրադյանն այսօրվա կառավարության նիստի ժամանակ այդ թեմայով քննարկում անցկացնելն անհիմն համարեց: Ըստ նրա՝ այսօր այդ անցումը գործնականում անհնար է:
«Անցումը երկար ժամանակ է պահանջում: Աշխարհի տարբեր երկրներում ընտրությունները տարբեր ընտրակարգերով են անցկացվում և դա մեծ նշանակություն չունի ընտրությունների ելքի վրա»,- ասաց նա:
Մուրադյանի խոսքով` նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց ձայնը տալ կոնկրետ կուսակցության, մեծամասնականի դեպքում ունեն այլընտրանքև իրենց ձայնը կարող են տալ առանձին անձանց:
«Անցումը ժամանակավրեպ է: Դրա քննարկումը խորհրդարանում անհիմն է»,- ասաց Գուրգեն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ օրինագծի առաջարկի հեղինակներն են «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:









