Ծեծկռտուք թուրքական խորհրդարանում (լուսանկարներ)

11:10 • 09.02.12

Երեկ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է առաջացել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցութան ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Նիստի ժամանակ քննարկվելու էր Թուրքիայի ներքին կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարելու հարցը: Կանոնադրության որոշ հոդվածների փոփոխության առաջին մասի քննարկման ընթացքում արդեն թեժացած մթնոլորտն ավելի է լարվել, ինչի պատճառով էլ խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն ընդմիջում է հայտարարել: Ընդմիջումը երկարացնելու որոշման դեմ արտահայտված ԺՀԿ պատգամավորներից մեկը դիմել է լրագրողներին` ասելով.«Հայտարարություն տվեք, մենք Խորհրդարանի նոր նախագահ ենք փնտրում, նախագահ, որը կղեկավարի նիստը»:

Դահլիճ մտնելու ժամանակ էլ Ջեմիլ Չիչեքին դիմավորել են `«փառք Աստծո, վերադարձար, կեցցե~ս պարոն նախագահ» խոսքերով: Այս դեպքից հետո լարվածությունը մեծացել է, և խորհրդարանի պատգամավորները երկուստեք մեղադրանքներ են ներկայացրել:

Ի վերջո չորս անգամ ընդմիջում հայտարարելուց հետո նիստը համարվել է փակված: Այս որոշումն էլ հանգեցրել է ծեծկռտուքի: