Արշալույսցիները չեն կարողանում վերականգնել ընտրելու իրենց իրավունքը

18:43 • 12.02.12

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում գյուղապետի պաշտոնի համար միմյանց հետ պայքարում են գործող գյուղապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայր Զարզանդ Գրիգորյանը և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, վայելում է «Երկրապահ կամավորների միություն» վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի աջակցությունը:

Գյուղի բնակիչներից, ովքեր չցանկացան ներկայանալ, Tert.am-ին տեղեկացրին, որ գյուղապետի տեղակալը, որը, գյուղապետի պաշտոնակատարն է, այս պահին ընտրատեղամասերում վստահված անձի դեր է կատարում, և այն մարդիկ, որոնց անունների հետ անճշտություններ կան, չեն կարողանում գյուղապետարանի միջոցով վերականգնել ընտրելու իրենց իրավունքը: Գյուղապետարանի դռները փակ են:

«Մարդկանց ներկայացրած տեղեկանքները կնքել է պետք, գյուղապետի տեղակալը չի գալիս գյուղապետարան, որ կնքի», - ասաց գյուղացիներից մեկը և վստահեցրեց, որ իրենք այդ մասին արդեն ԿԸՀ են ահազանգել:

Tert.am-ի հետ զրույցում Արշալույսի գործող գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը հավաստիացրեց, որ իր տեղակալը գյուղապետարանում է և կատարում է իր պարտականությունները:

«Նման պրոբլեմ մեր գյուղում չի եղել, մանավանդ այսօր չի եղել ու չի էլ լինելու»,-ասաց նա:

Արշալույս գյուղում ընդհանուր առմամբ կա 2800 ընտրող, որոնցից շուրջ 1600-ն իրենց պարտքն արդեն կատարել են: