Ի՞նչ տվեցին Հրազդանի քաղաքապետարանի ընտրությունները. քննարկում
Ցանկացած ընտրություն, եթե անցել է թերություններով, ապա դրա պատասխանատվությունը իշխանությանն է, որը չի կարողացել երաշխավորել ազատ, արդար ընտրություններ, անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրություններին այսօր «Հայաստանի հանրապետական կուսակցության» պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ բանավեճում հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Հովհաննես Սահակյանը ի պատասխան նկատեց, որ եթե ընդդիմությունը այս ընտրությունների վերաբերյալ ասելիք չունի, ապա ավելի լավ կանի քաղաքական նոր մշակույթ ձևավորի և սեղմի հաղթած թեկնածուի ձեռքը:
Նշելով, որ այս ընտրություններն իրենց որակով աննախադեպ էին, Հովհաննես Սահակյանը հավելեց, որ երեկ ողջ երեկո հետևելով կայքերին՝ եկել է այն եզրակացության, որ չնայած կողմերը երեկ ողջ օրը խոսում էին ընտրախախտումների մասին, այսօր որպես հայ մարդ ուրախացել է, որ չափից ավելի քաղաքականացված այդ ընտրությունները նորմալ են անցել: Նա նաև մեջբերեց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, որ անիմաստ են համարում բողոքարկելը:
Հիշեցնենք, որ երեկ Հրազդանի քաղաքապետի` երեկ կայացած ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, ավելի քան 1500 ձայնով հաղթանակ է տարել ՀՀԿ թեկնածու Արամ Դանիելյանը: Այսօր առավոտյան նրա մրցակից Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը հայտարարել է, որ անիմաստ է համարում քվեարկության արդյունքները բոքարկելը:
Հովհաննես Սահակյանը նաև ասաց, որ «մենք ակամա պետք է արձանագրենք նաև, որ թեժ պայքարի արդյունքում հաղթեց իշխանական թեկնածուն»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հանրապետական պատգամավորի հետ համաձայնելով, որ այս ընտրություններում որոշ առումով դրական տարրեր կային, ընտրակեղծիքների զանգվածային և կոպիտ դեպքերի սակավությունը պայմանավորեց համացանցով առկա ակտիվությամվ, որը թույլ չի տալիս խախտումներ իրականացնելուց հետո դրանք կոծկել:
Երկրորդ դրական ձեռբերումը Անուշ Սեդրակյանը համարեց ընդդիմության միասնականությունը Հրազդանի ընտրություններում: «Թեզը, որ ընդդիմությունը միասնական չէ, չաշխատեց, որովհետև միասնական էր ընդդիմությունը, և կարող եմ ասել, որ այդ դրական գործոնների հետ մեկտեղ, հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքական գործոններն ի զորու են հավասարակշռել ընտրակաշառքի ռեսուրսը»,- ասաց Անուշ Սեդրակյանը` ավելացնելով, որ նժարի վրա դնելով նշված երկուսը վստահ կարող է ասել, որ ոչ:
Ինչ վերաբերում է հանրապետական պատգամավորի դիտարկմանը, թե այս ընտրությունները քաղաքականացված էին, Անուշ Սեդրակյանը ասաց, որ համամիտ է, բայց, ըստ նրա, մինչև մեր երկրում չլուծվի քաղաքական հաշվեկշռի հարցը, դրանք միշտ էլ կքաղաքականացվեն: Իսկ ընդդիմությունը, ըստ նրա, պարտվում է վարչական ռեսուրսին:









