Վասիլի Աթաջանյանն ընդունել է Սլովակիայի ազգային խորհրդի առաջին նախագահին

18:39 • 13.02.12

Փետրվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության կրթական և ձեռնարկատիրական ներկայացուցիչների պատվիրակությանը` Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ:

Ըստ ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրության` հանդիպմանը Վասիլի Աթաջանյանը համառոտ ներկայացրել է Արցախի պատմությունը, ղարաբաղյան հիմնախնդրի ծագման ակունքները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը:

Աթաջյանն ասել որ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԼՂՀ ժողովրդին «հաջողվել է հռչակել կատարյալ իրավական հիմքի վրա անկախ պետություն և, կասեցնելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ստեղծել է քաղաքակիրթ, ժողովրդավարական հասարակություն»:

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին, Վասիլի Աթաջանյանը ուշադրություն է հրավիրել «պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական դիրքորոշամանը, որը փաստորեն խափանում է բանակցային գործընթացը»:

Նրա խոսքով առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը:

Վասիլի Աթաջանյանը պատասխանել է հյուրերի հարցերին` կապված տարածաշրջանային գործընթացների, ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդասիրական խնդիրների, ԼՂՀ կենսագործունեության տարբեր ոլորտներում առկա իրավիճակի հետ:

Պատվիրակության անդամները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով ԼՂՀ –ում ծրագրերի իրականացման համար:

Վասիլի Աթաջանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանտիշեկ Միկլոշկոյին և պատվիրակության անդամներին, ինչպես նաև այցի կազմակերպչին` Եվրոպայի Հայկական Միությունների համաժողովի նախագահ` Աշոտ Գրիգորյանին, ղարաբաղյան ժողովրդի արդար պայքարի հետևողական և բաց աջակցության համար, նրանց հանձնելով հուշանվերներ: