Հրազդանի քաղաքապետի հայտարարությունը զրպարտություն է. Վարդան Ջհանգիրյան
Գագիկ Ջհանգիրյանի եղբայր Վարդան Ջհանգիրյանը զրպարտություն է համարում Հրազդանի վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանի` երեկ տարածած հայտարարությունը, ըստ որի, Ջհանգիրյանն է կազմակերպել Հրազդան համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում մի քանի ընտրատեղամասերում տեղի ունեցած հոսանքազրկմումը:
«Ես 4 տարի է էլցանցում չեմ աշխատում: Տասը տարի առաջ էլ քաղաքապետարանում եմ աշխատել, որ քաղաքապետարանը ձյունը չի մաքրում, էլի՞ պիտի ասեն ես եմ մեղավոր»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Ջհանգիրյանը:
Ըստ նրա, Արամ Դանիելյանն այդ կերպ փորձ է արել կեղծիքները քողարկել. «Մտածել են մի բան ասեն տակից դուրս գան էլի»,- մեկնաբանեց նա:
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին որոշ ընտրատեղամասերի հոսանքազրկումից հետո ղեկավարի թեկնածու Արամ Դանիելյանի լրատվական գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, թե իրենց ուենցած «հստակ տեղեկատվության համաձայն ընտրական տեղամասում հոսանքազրկման հեղինակը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Գեղամա» մասնաճյուղի տնօրեն Վարդան Ջհանգիրյանն է (Գագիկ Ջհանգիրյանի եղբայրը): Վարդան Ջհանգիրյանն ընտրության օրն այցելել է Հրազդան քաղաք և կազմակերպել այդ սադրանքը, որը հետագայում Հրազդանում իրենց մեկ օրն անցկացրած Ջհանգիրյան եղբայրները վերագրել են այլոց»:









