Բնապահպանները պահանջագիր կհանձնեն նախագահական նստավայր
Երեքշաբթի օրը` փետրվարի 14-ին, ժամը 13:00-14:00 Մաշտոցի այգուց երթով մի շարք բնապահպանական նախաձեռնություններ, կազմակերպություններ, ինչպես նաև անհատ քաքաղաքացիներ երթով շարժվելու են նախագահի նստավայր` նրան հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովում ընդունված շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության (ՇՄԱՓ) օրինագիծը չստորագրելու և կրկին ետ վերադարձնելու մասին պահանջ:
Ակտիվիստները պնդում են, որ նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի և այլ կոնվենցիաներին, ինչպես նաև Հայաստանի կառավարությանն ուղղված` Օրհուսի կոմիտեի պահանջներին:
Ակտիվիստները նշում են, որ իրենց պահանջը չկատարելու պարագայում կհանգեն այն հետևության, որ «Հայաստանի բնության ոչնչացումը համակարգվում է ուղղակիորեն ՀՀ նախագահի նստավայրից» և ձեռք կառնեն այդ հետևությունից բխող համարժեք միջոցառումներ:
Նրանք նաև պնդում են, որ տվյալ օրինագիծը թույլատրվելու է կատարել անսահմանափակ քանակությամբ անտառհատումներ` առանց հասարակական լսումների և փորձաքննության անցկացման, ինչը նշանակում է, որ առանց մասնագիտական եզրակացության, առանց փորձաքննության, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու կարող են անսահմանափակ քանակությամբ անտառ հատել:









