Հայաստանը մասնակցել է բելառուսական БЕЛЭКСПО ցուցահանդեսին
Փետրվարի 8-12-ը Բելառուսի БЕЛЭКСПО ցուցահանդեսային ազգային կենտրոնում տեղի է ունեցել գրքի 19-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար ներկայացվում են Հայաստանում հրատարակված գրքեր, ամսագրեր, ալբոմներ և այլ տպագիր նյութեր:
Ըստ Արտգործնախարարության հաղորդագրության` հայկական տաղավարի շնորհանդեսը կայացավ փետրվարի 11-ին, որտեղ ներկայացված էր ՀՀ-ում տպագրված 600-ից ավելի ցուցանմուշ:
Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է հայ գրատպության 500-ամյակի և Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն:
Կայացել է հանդիպում Բելառուսում գտնվող «Անիվ» հայկական ամսագրի խմբագրատան աշխատակիցների հետ: Կազմակերպվել են շնորհանդեսներ, կլոր սեղաններ, կայացել են երկխոսություններ, ձեռք են բերվել ստեղծագործական նոր կապեր և գործնական պայմանավորվածություններ:
Հայ համայնքին ներկայացվել է նաև «Լիտոպեդիա» հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը և լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:
Այցելուների ուշադրությունը հատկապես գրավել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի կողմից ավանդական եղանակով թղթի պատրաստումը, ճնշման միջոցով հայկական խաչքարերի, այբուբենների և տեքստերի տպագրությունը, ինչպես նաև հինավուրց եղանակով կավե սալիկների վրա խորաքանդակների պատրաստումը:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:









