Առայժմ հայտնի չէ` արդյոք Սերժ Սարգսյանը կղեկավարի ՀՀԿ համամասնական ցուցակը

12:11 • 13.02.12

Այս պահին հայտնի չէ, թե գալիք խորհրդարանական ընտրություններում արդյոք Սերժ Սարգսյանը կղեկավարի «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակը, սակայն յուրաքանչյուր կուսակցություն ընտրություններին պետք է մասնակցի իր ողջ կապիտալով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Այս պահին չգիտենք ՀՀԿ-ի համամասնական ցուցակը կղեկավարի նախագահ Սերժ Սարգսյանը, թե ոչ, բայց ինքն է լիդերը: Յուրաքանչյուր կուսակցության ղեկավար, ինքը պետք է գլխավորի ցուցակը: Սա մեր տեսակետն է: Այս հարցը այս պահին չի քննարկվում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք երկրում չկա վարչապետին շուտափույթ փոխելու խնդիր, հաշվի առնելով այն, որ երկրում էլ ավելի են ծանրացել սոցիալ-տնտեսական խնդիրները, Գալուստ Սահակյանը պատասխանեց` հարցն անհրաժեշտության դեպքում կքննարկվի ընտրություններոց հետո:

«Ինչքանո՞վ է ճիշտ այսօր բոլոր կուսակցությունների ուշադրությունը շեղել վարչապետ ընտրելու վրա: Նոր նախարարների և վարչապետի հարցը անհրաժեշտության դեպքում կքննարկվի ընտրություններից հետո: Մեր քաղաքական սկզբունքներից մեկն այն, որ առավել ձայներ վերցրած կուսակցությունները դերակատարում ունենան ընդհանուր կառավարման գործընթացում»: