Աթենքում ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների 140 մասնակցի

14:34 • 13.02.12

Աթենքում կիրակի երեկոյան տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 140 մարդու. 67-ը ձերբակալվել է ոստիկանների վրա հարձակվելու, ունեցվածքին վնաս հասցնելու և գողության համար, ևս 75-ի մասնակցությունն անկարգություններին ճշտվում է:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով հունական ոստիկանությանը, բողոքի զանգվածային ակցիաներն ուղեկցվել են հրկիզումներով ու կողոպուտներով` հրկիզվել է 45 շենք ու խանութ, տասնյակ խանութներ թալանվել են: 68 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հոսպիտալացվել է 35 քաղաքացիական անձ: Ըստ ոստիկանության` ընդհանուր առմամբ, անկարգություններին մասնակցել է 1.5-2 հազար մարդ:

Դրանք սկսվել են այն ժամանակ, երբ երկրի խորհրդարանն ընդունում էր Եվրամիության կողմից առաջարկված տնտեսական բարեփոխումների փաթեթը:

Հիշեցնենք, որ հունական խորհրդարանը հավանություն է տվել Եվրամիության ու Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած բարեփոխումների ծրագրին: Նոր ծրագիրը ենթադրում է կրճատել պետական ծախսերը մոտ 28 մլրդ դոլարով: Բյուջետային կրճատումները ենթադրում են հարկերի բարձրացում, կենսաթոշակների կրճատում և այլն:

Նոր ֆինանսական օժանդակությունը կազմելու է մոտ 110 մլրդ դոլար, որը կօգնի երկրին խուսափել դեֆոլտից: