Հրազդանի քաղաքապետը վերընտրվեց 1600 ձայնի առավելությամբ

02:00 • 13.02.12

Արդեն ամփոփվել են Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները բոլոր 27 ընտրատեղամասերի կտրվածքով։ Ըստ այդմ` Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: Վերջինս հավաքել է 13 100, իսկ նարա մրցակից Սասուն Միքայելյանը՝ 11 500 ձայն: Տարբերությունը կազմել է 1600 ձայն։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, 43.874 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 25 386 մարդ կամ ընտրողների 57.9 տոկոսը։

 Վաղ առավոտից ընտրողների մեջ հոսք էր նկատվում տեղամասերում, ինչը հաստատում էին նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Սակայն արդեն 08:44-ի Կոնգրեսից ընտրակեղծիքների մասին հաղորդում տարածվեց, ըստ որի 25/19 ընտրատեղամասում ընտրողին տրվել էր երկու քվեաթերթիկ, ինչը տեսագրվել էր: Մի քանի այլ տեղամասերում կնիքները թաց էին եղել, մեկ այլ դեպքում «բացակա» անձի քվեարկության փորձ էր արվել: Բոլոր դեպքերում կազմվել էին արձանագրություններ:

Սակայն, ի տարբերություն իր նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության Սասուն Միքայելյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ քվեարկության ընթացքը նորմալ է ընթանում:

Նշենք նաև, որ «Հայ Ազգային Կոնգրեսի» ակտիվիստները ողջ օրվա ընթացքում ակտիվորեն հետևում են ընտրություններին: Հրազդանում էին գտնվում «ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը` սատարելու քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին:
Կեսօրից հետո Սասուն Միքայելյանի շտաբի պետ Հակոբ Ավագումյանն ասաց, որ իրենց տեղեկությունների համաձայն մյուս թեկնածուն` գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ընտրակաշառքներ է բաժանում:
Tert.am-ը փորձեց խոսել նաև քաղաքապետի մյուս թեկնածուի` Արամ Դանիելյանի հետ, սակայն քաղաքապետարանում ասացին, որ նա գտնվում է իր շտաբում, իսկ ՀՀԿ գրասենյակում էլ ասացին, որ նա տեղում չէ:
Խախտումների մասին ահազանգել էր նաև Սասուն Միքայելյանի վստահված անձ հանդես եկող, «Ժառանգությունից» ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«ՀԱԿ անդամները ընտրատեղասերից մեկում մարդկանց անուններով պահված ցուցակ են հայտնաբերել: Մյուս խախտումն այն է, որ համատիրություններում ծախսվել են վարչական ռեսուրսները: Սա ևս մեծ խախտում է», - ասել էր նա:
Ժամը 17:00-ի դրությամբ Հրազդանի 41 874 ընտրողներից 21 800-ը, կամ ավելի քան 52%-ն արդեն կատարել էին իրենց քաղաքացիական պարտքը:
Ժամը 20:00-ին` ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեց արդյունքների ամփոփումը: Հրազդանում գտնվող Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ, որոշ ընտրատեղամասեր հոսանքազրկվել էին:

Ոստիկանության հանրային կապերի և լրատվության վարչությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ընտրություննների ժամանակ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բացի Հրազդանում արձանագրված երկու դեպքի.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հանրապետության 9 մարզերի 46 ընտրատարածքներում անցկացվող ընտրությունների վերաբերյալ նախնական տվյալներ կհրապարակի մինչև վաղը 14:00-ն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից: Գիշերվա ընթացքում ոչ մի տվյալ ԿԸՀ-ն չի հրապարակելու:

Նշենք նաև, որ Արամ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն տաս տարի։