Ուիթնի Հյուսթոնը մահացել է 48 ժամ զվարճանալուց հետո. The Sun

15:18 • 13.02.12

Լեգենդար երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է երկու օր տևած երեկույթից հետո, որը կազմակերպել էր ամերիկացի երգչուհի Կելլի Փրայսը: Ինչպես գրում է բրիտանական The Sun –ը, երգչուհին երեկույթի ժամանակ օգտագործել է ալկոհոլային խմիչքներ:

Ականատեսների վկայությամբ` Հյուսթոնը Tru Hollywood ակումբից դուրս գալիս թափթփված ու շփոթված տեսք է ունեցել: Նրա ձեռքերին եղել են կապտուկներ, իսկ ոտքերն արնահոսել են:

Դատաբժիշկները, երգչուհու դիահերձումից հետո, նրա թոքերում հայտնաբերել են ջուր, ինչը վկայում է այն մասին, որ Հյուսթոնը խեղդվել է լոգարանում, որտեղ էլ հայտնաբերվել էր նրա մարմինը: Ներկայում բժիշկները պարզում են երգչուհու մահվան վերջնական պատճառը:

Ուիթնի Հյուսթոնը մահացել է շաբաթ` օրվա երկրորդ կեսին, Բևերլի Հիլզում, 49 տարեկան հասակում: Վերջին տարիներին նա տառապում էր թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությունից: Գինեսի Ռեկորդների գիրքը նրան համարում է ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհին` նա «Էմմի»-ի կրկնակի և «Գրեմմի»-ի վեցակի մրցանակակիր է: