Կիսամերկ անգլիացին իր շանն օգնել է դուրս գալ սառած գետից

21:58 • 13.02.12

Բրիտանիայի Էսսեքս դքսության բնակիչը միայնակ իրականացրել է սառած գետում հայտնված իր շան փրկարարական գործողությունը, այս մասին հաղորդում է Sky News-ը:

Մասնակի սառած գետի վրա կատարվող իրադարձությունը լուսանկարել է մոտակայքում շան հետ զբոսնող 52-ամյա Փոլ Ուենբորնը:

Նրա նկարում երևում է, թե ինչպես է միայն ներքնազգեստով տղամարդը` բարակ սառույցի վրա, չորեքթաթ փորձում մոտենալ գետի այն հատվածին, որտեղ կոտրված սառույցի թակարդում էր հայտնվել շունը:

Ականատեսի խոսքով, հաջորդ ակնթարթին կիսամերկ տղամարդը նետվել է ջուրը և լողացել դեպի իր կենդանին: Ի վերջո, տղամարդը կարողացել է շանը սառցաջրից հանել:

Ոչ տղամարդը, ոչ էլ շունը վնասվածքներ չեն ստացել: Ավելին, դրանից հետո տղամարդը հագնվել է և շարունակել իր սիրած չորքոտանուն հետ զբոսանքը: 

Փրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք ձմռանը հաճախ են սառը ջրում հայտնված կենդանիներին օգնություն ցուցաբերում, շան տիրոջ քայլն անմիտ և վտանգավոր են անվանել:

Մասնագետները նշում են, որ հաճախ` բավականին հաստ թվացող սառույցը իրականում շատ բարակ է լինում, և կենդանուն փրկողն ինքն է հայտնվում աղետալի վիճակում: