Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

15:48 • 13.02.12

Փետրվարի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային (James Appathurai): Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ողջունելով հյուրին` արտգործնախարարը դրական գնահատել է Հայաստան – ՆԱՏՕ համագործակցության բնագավառում արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ապատուրայը քննարկել են այս տարի կայանալիք Չիկագոյի գագաթաժողովին, Բրյուսելում կայանալիք Հայաստան + ՆԱՏՕ ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի ամենամյա նիստին առնչվող հարցերը:
Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Սոչիում կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս ենթատեքստում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Դաշինքի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: