Ոստիկանությունը կանխել է Հրազդանի քաղաքապետի եղբոր ոգևորությունը

19:16 • 13.02.12

Մեր տեղեկություններով, երեկ, Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո, կեսգիշերին մոտ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի կողմնակիցները մեծ ոգևորությամբ են նշել իրենց կողմնակցի հաղթանակը և նույնիսկ ուշ գիշերին հրավառություն կազմակերպել՝ անհանգստություն պատճառելով Հրազդանի բնակիչներին։ Դանիելյանի կողմնակիցները նաև փորձել են ավտոշարասյունով երթ կազմակերպել՝ ազդանշաններ տալով շրջելով ամբողջ քաղաքով մեկ, բայց դա կանխվել է տեղի իրավապահ մարմինների կողմից։ Նրանց թվում է եղել նաև Հրազդանի նորընտիր քաղաքապետի եղբայրը՝ Արթուր Դանիելյանը, որը ոստիկանության կողմից ենթարկվել է տույժի։

Այս տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում, որտեղ հաղորդեցին, որ դեպքի վերաբերյալ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որն ուղարկվել է տեղական ինքնակառավարման մարմնին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ Ոստիկանությունից տեղեկացրեցին նաև, որ չորս մեքենայի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ։