Բնապահպաններն արդեն 3-րդ օրը շուրջօրյա ակցիան են անցկացնում Մաշտոցի պուրակում

16:36 • 13.02.12

Արդեն երրորդ օրն է, ինչ բնապահպան ակտիվիստները չեն հեռանում Մաշտոց-Կողբացի հատվածում գտնվող այգուց` պահանջելով, որպեսզի Մաշտոցի պուրակում դադարեցվի Աբովյան փողոցի երկաթբետոնե կրպակների տեղադրման աշխատանքները:

Ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Tert.am-ի հետ զույցում տեղեկացրեց, որ վաղը իրենց պահանջով իրենցից 3 հոգի կհանդիպեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

«Մեր պահանջը մեկն է, դադարեցնել և նախկին տեսքին բերել այգին: Մեզ ոչ գումարն է հետաքրքրում, ոչ կուսակցական դիրքերը, այլ` առողջ հասարակություն կերտելու ձգտումը: Մենք բավականին անկեղծ ենք, ու կցանկանայինք օգտվեն դրանից և ճիշտ որոշում կայացնեն, որից կբարձրանա նաև նրանց վարկնիշը»,- ասաց նա:

Ակտիվիստը հավելեց, որ ակցիային ֆիզիկապես իրենց շուրջօրյա ներկայությունը կարևոր է այնքանով, որ նախ իրենց արդեն հաջողվել է հետ ուղարկել բանվորներին` նրանց հասկացնելով, որ գործում են ապօրնի:

«Այսօր անգամ եկան իրենց տեխնիակյի որոշ մասեր տարան»,- Սուխուդյանը և ավելացրեց, որ իրազեկման միջոցով իրենք ակցիային մասնակից են դարձնում հասարակությանը և կոչ անում պահանջատեր լինել իրենց կանաչ տարածքներին:
«Հատկապես այս թաղամասի բնակիչները մեզ վստահում են, գալիս են մեր հետ մնում: Սուպ են բերում մեզ համար, տաք ջրեր»,- ասաց նա:

Մարիամ Սուխուդյանը, կարևոր համարելով պայքարի նման ձևը` չի թերագնահատում նաև իրավական գործողությունները. «Եթե մենք տեսնում ենք իրավական խախտում, մենք արդեն հայց են նախապատրաստում: Այս ամենն ուղղակի զուգահեռ պետք է լինի»:

Բնապահպանը հավատացրեց, որ մինչև այստեղ տեղադրվող կրպակներն ամբողջությամբ չհանվեն այգուց, իրենք չեն հեռանա. «Հատկապես որ սա այդքան էլ բարդ գործ չէ»:

Մարիամ Սուխուդյանը հավելեց, որ ոստիկանությունը նույնիսկ այս ցրտի պայմաններում չի թողնում խարույկ վառել: «Բոլոր դեպքերում մենք կոփվում ենք` վազում ենք, առավոտյան վարժություններ անում, նույնիսկ ոտաբոբիկ ձյան վրա ենք քայլում: Սա մարտական ջոկատ է, որը պատրաստ է գնալ և ազատագրել»,- նշեց նա:

Ի դեպ, այսօր բնապահպանները նաև նախատեսել են անցկացնել Հայկ Գյանջյանի, «Երևանը երեկ այսօր և վաղը» անունը կրող նկարների ցուցահանդես: Մարիամ Սուխուդյանը նկատեց, որ այս դեպքում ցուցահանդեսի խորագրի «վաղը» հարցականով կլինի:

Նշենք նաև, որ բնապահպանները շարունակում են նաև ակցիային զուգընթաց ստորագրահավաք անցկացնել և արդեն մոտ 300-ից ավելի ստորագրություն է հավաքվել։