ՀԱԿ-ի փետրվարի 17-ի հանրահավաքը հետաձգվում է
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքը տեղափոխել է մարտի 1:
ՀԱԿ-ի մաս կազմող «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրահավաքի օրը տեղափոխում է զուտ եղանակային պայմաններից ելնելով:
«Ցուրտ է, մարդկանց համար դժվար է գալ, ոչ բոլոր ճանապարհներն են բաց: Դրա համար նպատակահարմար գտանք օրը տեղափոխել»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք հանրահավաքի օրվա տեղափոխումը կապ ունի փետրվարի 12-ին Հրազդանում անցկացված ընտրությունների որակի և դրա արդյունքների հետ, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ոչ, բոլորովին կապ չունի, պատճառը միայն եղանակային պայմաններն են»:









