ՀՀԿ-ը չպետք է փորձի ժողովրդի վզին փաթաթել միակուսակցական ուժ. քաղաքագետ

15:50 • 13.02.12

«Հայաստանի հանրապետական կուսակցության» հայտարարությունը, թե իրենք անց են կացնելու արդար ընտրություններ, սակայն նաև վստահեցումը, որ հավաքելու են 80% ձայն քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը համեմատեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի օրինակի հետ. արդար ընտրություններ, բայց նախագահ կլինեմ ես:

Քաղաքագետը իշխող կուսակցությանը խորհուրդ տվեց չփորձել ժողովրդի վզին փաթաթել միակուսակցական ուժ, հակառակ դեպքում, ըստ նրա, կլինի այն, ինչ տեղի ունեցավ Ռուսատանում պետդումայի ընտրություններից հետո:
Ստեփան Գրիգորյան կանխատեսեց, որ Հայաստանում ամեն ինչ կփոխվի հատկապես քաղաքական ուժերի կողմից ցուցակներ հրապարակելուց հետո:

«Հայաստանում ակնհայտ շատ բան կփոխվի ընտրացուցակները հրապարակելուց հետո, թե ուժերն ինչ թիմով են դուրս գալիս ընտրաշավ, քանի որ մեր հասարակությունը բավական ուշադիր է նայում, իրեն խաբում են , թե` ոչ»,- ասաց քաղաքագետն ու հիշեցրեց, որ խոստացվել էր, թե օլիգարխներ չեն լինի, կրիմինալ չի լինի, իսկ դրանց առկայության դեպքում իրադրությունը շատ արագ կփոխվի:

Հարցը, թե ինչ փոխեց Ռուսաստանի դեպքում ժողովրդի ընդվզումը, ուստիև ինչ կփոխվի Հայաստանի պարագայում, Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Ռուսատատնում ինչ-որ բան փոխվել է: Նա նաև հավելեց, որ եթե Ռուսաստանը ավտորիտարիզմի համար ռեսուրս ունի, ապա Հայաստանը դա չունի և այստեղ միակ ռեսուրսը դա ժողովրդավարությունն է: