Մեծ Բրիտանիան կողմ է Սիրիա խաղաղապահներ ուղարկելուն
Մեծ Բրիտանիան կողմ է Սիրիա ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) խաղաղապահ զորակազմ ուղարկելուն: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով Մեծ Բրիտանացի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգի հայտարարությունը, որտեղ բրիտանացի նախարարը մեկնաբանել է ԱԵԼ-ի ԱԳ նախարարների խորհրդի` երեկ կայացած նիստի արդյունքները: Նիստի մասնակիցներն առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիա ուղարկել խաղաղապահ առաքելություն` անկարգությունները ճնշելու նպատակով:
«Նման առաքելությունը կարող է կարևոր դեր խաղալ մարդկային կյանքեր փրկելու գործում` մի պայմանով, որ Ասադի ռեժիմը դադարեցնի քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և հանի զորքերը քաղաքներից», - ասել է նա:
Նախարարը ողջունել է նաև ԱԵԼ-ի` սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ «Սիրիայի բարեկամների խումբ» ստեղծելու որոշումը:
«Միացյալ Թագավորությունը շատ ակտիվ դեր կխաղա այդ խմբում»,- նշված է բրիտանցի ԱԳ նախարարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի Սիրիայում բախումներ են ընթանում բանակի ու Ասադի հակառակորդների միջև: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է մոտ 6.000 մարդ:









