Ինչո՞ւ է գործադիրն ընտրություններից առաջ խժդժություններ ակնկալում. Ա. Բախշյան
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ելույթից ջերմեռանդության վատ հոտ է գալիս, նույնը` պատգամավոր Տիգրան Թորոսյանի «ճառից», այս մասին «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն« խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ում ելույթը անմիջապես ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանի ելույթից հետո էր:
Անահիտ Բախշյանն ասաց, որ ակնկալում է, որպեսզի Տիգրան Թորոսյանը, ով իր ելույթում ևս նշել էր, որ օրենքը հակասահմանադրական է, կպատմի 2008 թ. արտակարգ դրության պայմաններում իր ձեռք բերած փորձի մասին:
Հիշեցնենք, որ այն ժամանակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ խորհրդարանում նիստ գումարվեց, որով հաստատվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը:
Անահիտ Բախշյանը` զուգահեռ անցկացնելով 2008–ի հետ` նշեց, որ այս օրենքի նախագծի ընդունումը շատ վատ նախանշան է: Իսկ օրենքը, ըստ պատգամավորի, ոչ մի լավ բան չի տալու:
Անահիտ Բախշյանն ասաց, որ եթե Աստված մի արասցե, կրկին մեր երկրում «մարտի մեկեր» լինեն, էլի բանակը խառնվելու է ներքաղաքական գործընաթացներին, էլի մարդիկ են գնդակահարվելու:
Խորհրդարանի համար ընթերցելով օրենքի ընդունումից կառավարության կողմից ակնկալվող արդյունքը, այն է` արտակարգ դրության ռեժիմի պայմաններում պահպանել սահմանադրական կարգը, պատգամավորը հարցրեց , թե ինչու է կառավարությունն այս ընտրություններից առաջ մտածում «ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման անմիջական վտանգի, այն բռնությամբ տապալելու, փոփոխելու , զինված խռովությունների ու զանգվածային անկարգությունների» մասին:
«Ինչո՞ւ պիտի լինեն նման բաներ, խժդժություններ: Ինչո՞ւ եք պատրաստվում այդ անկարգություններին, եթե իշխանությունն իր տեղում է և ապահովում է մեր քաղաքացիների արդար, օրենքի պետության մեջ ապրելու լիարժեք իրավունք»,– հարցադրում արեց Բաշխյանը:
Պատգամավոր ավելացրեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողով բերելու և ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն, իշխանութունները լավ կաներ մտածեր այն մասին, որ ՀՀ քաղաքացիները չունենային ընդվզելու ցանկություն:









