Արարատի մարզում 2011–ը բերքառատ տարի է եղել. Էդիկ Բարսեղյան

18:31 • 28.02.12

2011-ին Արարատի մարզը գյուղատնտեսական արտադրանքի առումով հաջող տարի է եղել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Նա տեղեկացրեց, որ 2011-ին արտադրվել է 94 հազար տոննա խաղող, 22 հազար տոննա դեղձ և այդ ամենը հաջողությամբ իրացվել է:

Նախորդ տարին առանձնացել է նրանով, որ մթերված բերքի գումարը ժամանակին է վճարվել գյուղացուն:
«Գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու համար նախատեսվում է գյուղացիներին այս տարի բաժանել 2000 տոննա դիզվառելիք, ինչպես նաև պարարտանյութ, որն արդեն իսկ բաժանել ենք»,- ասաց նա:

Էդիկ Բարսեղյանը մարզի խնդիրներից հատկապես առանձնացրեց ոռոգման ջրի հետ կապված խնդիրը, ինչն առաջանում մեծ ձկնաբուծարանների պատճառով:

«Արարատի մարզն ունի 134 ձկնաբուծարան: Մեզ անհրաժեշտ են բազմաթիվ պոմպակայաններ, որպեսզի ստորգետնյա ջրերը կարողանանք հանել»,- ասաց նա և ավելացրեց, որ չնայած ոռոգման խնդիրներին նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 2400 տոննա ձուկ: