Դաշնակցությունը հանրահավաքի տեղը հատուկ է ընտրել, «որ ժողովրդի ձայնը լսելի լինի»

14:11 • 28.02.12

Կառավարությունը ժամանակի սղության պատճառով մերժում է ՀՅԴ` հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկը, մինչդեռ հատուկ ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը` առանց ուշադրություն դարձնելու, որ սա ոչ միայն « մայր օրենք է» , այլև ոչ մի ընթերցում չի անցել: Այսպիսի մտահոգություն Tert.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը` մանրամասնելով, որ սա, փաստորեն, նոր օրենք է, ոչ թե օրենքի լրացում կամ փոփոխություն:

Հիշեցնենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը այսօր քննարկվում է քսանչորս- ժամյա ռեժիմում:

Հիշեցնենք նաև, որ այսօր ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ նիստին «Դաշնակցություն» խմբակցությունը արտահերթության կարգով մտցնելու է ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու մասին իր օրենսդրական նախաձեռնությունը, իսկ հարցի քննարկմանը զուգահեռ հանրահավաք է անցկացնելու ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ:

Հարցին , թե ինչ մարտավարությամբ է ընտրված հանրահավաքի ժամն ու տեղը, Արտաշես Շահբազյանը նախ նկատեց, որ դա կհամընկնի իրենց նախագիծը` օրակարգ ներառելու քվեարկությանը և ապա ավելացրեց`«որ ժողովրդի ձայնը լսելի լինի»:

ՀՅԴ հանրահավաքին այսօր նախատեսվում է նաև ՀԱԿ-ի մասնակցությունը : «Սա մասնավոր շահ չի հետապնդում և նորմալ է, որ ՀԱԿ-ը ընդհանուր նպատակի` արդար ընտրությունների համար ներկա կլինի հանրահավաքին»,-մեկնաբանեց Արտաշես Շահբազյանը:

Նշենք, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստանը», որը իր ստորագրությունը դրել էր համամասնական ընտրակարգին անցնելու մասին լսումներ անցկացնելու ԱԺ ընդդիմության նամակի տակ, հանրահավաքին ներկա չի լինի: Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա կուսակցությունից ավելի վաղ հայտնել էին` Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ նրանք կքվեարկեն «խղճի մտոք», այսինքն` այնպես ինչպես հարմար են գտնում:

Արտաշես Շահբազյանը այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն չունի: «Հիմա, ինչպես որոշել են, մենք էլ հո միշտ փողոցում հանրահավաք չենք անում»,-ասաց դաշնակցական պատգամավորը: Քիչ հետո կսկսվի հանրահավաքը: