Հունաստանի դեֆոլտի մասին կարող է հայտարարվել 36 ժամվա ընթացքում
Գործարար աշխարհը չի բացառում, որ մոտակա ժամերին Հունաստանի դեֆոլտի մասին հայտարարություն կարվի: Ինչպես հաղորդում է Голос России-ն, այս մասին հայտնել է Լոնդոնի Սիթիի բրոքերներից մեկը, որը ցանկացել է գաղտնի մնալ:
Հունաստանի շուրջ ծավալվող իրադարձությունները, ըստ նրա, ողբերգական ընթացք են ստացել հատկապես այն բանից հետո, երբ Ակտիվների փոխանակման միջազգային ասոցիացիան (МАОА) հունական պետական պարտատոմսերի կարգավիճակի վերաբերյալ եզրակացություն տալու մասին հարցում է ստացել:
Եթե ասոցիացիան գա եզրակացության, որ Հունաստանի պետպարտքի վերակազմավորումն իր բնույթով դեֆոլտ է, ապա հունական պարտատոմսերի ապահովագրատերերը կստանան ապահովագրավճարներ: Բրոքերը պարզաբանել է, որ հունական պարտատոմսերի մեծ մասը գնել են սպեկուլյատիվ հիմնադրամները: Հենց նրանք են ձգտում Հունաստանի դեֆոլտի հայտարարմանը, որպեսզի ապահովագրավճարներ ստանան:
МАОА-ն իր որոշման մասին կհայտարարի չորեքշաբթի Հայաստանի ժամանակով 21.00-ից ոչ ուշ:
Ինչպես հաղորդել էր Tert.am-ը, Standard & Poor's միջազգային վարկանշային գործակալությունը փետրվարի 27-ին նվազեցրել է Հունաստանի վարկունակության վարկանիշերը մինչև «SD (selective default)» մակարդակ:









