«Նավթոգազ»-ը Գերմանիային առաջարկել է գազ պահեստավորել Ուկրաինայում
Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունն առաջարկել է եվրոպացիներին պահեստավորել գազն իր ստորգետնյա պահեստարաններում: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, ընկերության կառավարման խորհրդի փոխնախագահ Վադիմ Չուպրունը նշել է, որ «Նավթոգազ»-ի գերմանացի գործընկերներից մեկն արդեն հետաքրքրվել է առաջարկով: Թե կոնկրետ որ ընկերությունն է, նա չի մանրամասնել:
Ավելի վաղ «Նավթոգազ»-ն առաջարկել էր իր գազի պահեստարաններն այն ընկերություններին, որոնք գազ կարդյունահանեն երկրի տարածքում: Նույն Չուպրունը 2011 թ.-ի վերջին հայտարարել էր, որ գազի պահեստարաններին, մասնավորապես, հավակնում է ամերիկյան ExxonMobil-ը:
Վերջին մի քանի տարիներին քննարկվում է նաև գազի պահեստարանները ռուսական «Գազպրոմ»-ին փոխանցելու հարցը: Գործարար մամուլը գրել էր, որ նման քայլի դիմելով` Ուկրաինան հույս ունի ռուսական գազը ներմուծել էժան գնով, սակայն «Գազպրոմ»-ի հետ նոր պայմանագիր դեռ չի ստորագրվել:
Ուկրաինական գազի պահեստարանները կառուցվել են դեռ Խորհրդային միության տարիներին: Ներկայում այնտեղ պահեստավորվում է մոտ 31 մլրդ խորանարդ մետր գազ:









