Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն այսօր կվճռի ցեղասպանությունների մասին օրինագծի սահմանադրականության հարցը

12:38 • 28.02.12

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը, սպասվում է, որ այսօր հրապարակելու է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի սահմանադարականության վերաբերյալ իր որոշումը:

Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):

Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին:

Օրինագծի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին իր տեսակետը Խորհուրդը պետք է հայտներ մեկ ամսվա ընթացքում։

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծի սահմանադրականության վիճարկումը տեղի կունենա այսօր, եթե քվորում ապահովվի (Խորհրդի 9 անդամների կեսից ավելին ներկա լինեն նիստին),-Tert.am –ի հետ զրույցում քիչ առաջ ասաց Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել ստորև նշված որոշումներից մեկը.

1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը. այս դեպքում Սարկոզիի կողմից ստորագրվելուց հետո այն օրենքի ուժ կստանա

2. Օրինագիծը մասամբ է համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով՝ այն «բարեփոխելու» և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար

3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն օրենքի ուժ չի ստանա, եթե, իհարկե, Ֆրանսիայի նախագահը չպնդի, որպեսզի հարցը դարձյալ Ազգային ժողով մտցվի (նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա)

«Հույս ունենք, որ դատարանը կտրուկ որոշում չի կայացնի, և գոնե «տեղ կթողնի» օրինագիծը խորհրդարան վերադարձնելու համար»,-մեզ հետ զրույցում  հավելեց Վարժապետյանը` ընդգծելով, սակայն, որ ակնկալիքները քիչ են, որ Խորհուրդն օրինագիծն սահմանադրական կճանաչի:

Հավելենք միայն, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ օրինագծի չեղյալ հայտարարման դեպքում ինքը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու: