Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի համար նմանվելու հիանալի օրինակ է. Ֆրանտիշեկ Միկլոշկո
Սլովակ հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցելությունից հետո հոդված է տպագրել սլովակական «Տիժդեն» շաբաթերթում:
«Մշտական վախի տակ հայտնվածները:
Հայկական Գորիս քաղաքի արվարձաններում տեղավորված է հինավուրց Տաթևի տաճա, որին տանում է աշխարհի ամենաերկար միակամար ճոպանուղին: Այն կառուցվել է մեծահարուստ մի սփյուռքահայի կողմից: Երբ եկեղեցու ներսում մոմեր էինք վառում, մեզնից ամեն մեկն իր մտքերի հետ էր: Հանկարծ Գորիսի համալսարանի ռեկտորն ինքնաբերաբար հայտարարեց. «չի անցնի երկու ամիս, երբ կսկսվի երրորդ համաշխարհայինը»:
Հայերը խիստ անհանգստացած են Արևմուտքի և Իրանի միջև հնարավոր պատերազմական առճակատման հեռանկարով: Արևմտյան լրատվամիջոցներում այն գնալով ավելի ու ավելի շատ է հիշատակվում: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պես սահման ունի Իրանի հետ: Պատերազմ սկսելու դեպքում քաոս կսկսվի, և այս երկու երկրները դժվարությամբ կդիմակայեն մեծաքանակ փախստականների ալիքին: Իրանի հյուսիսում ապրում է 1.5 միլիոն ադրբեջանցի: Մյուս կողմից, Հայաստանն ու Իրանը ավանդաբար լավ հարաբերություններ ունեն, և Իրանը Ռուսաստանի հետ միասին հանդիսանում է Հայաստանի համար պատվար Թուրքիայի դեմ:
Միաժամանակ, այսպես կոչված, Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, դեռևս դիվանագիտական ճանապարհով փորձում են լուծել ղարաբաղյան հակամարտությունը:
Հայերին պատմության ընթացքում տարբեր վտանգներ են սպառնացել և նրանք մշտապես պայքարել են պատմության մեջ իրենց տեղը հպարտորեն պահպանելու համար: 20-րդ դարում մենք ականատես ենք եղել երեք ցեղասպանությունների. Օսմանյան Կայսրության կողմից` 1915թ-ին առանձին ժողովրդի նկատմամբ, կոմունիստական` իր դասակարգային թշնամու նկատմամբ և նացիստական` ռասայի նկատմամբ: Սրանք բոլորը մարդկության դեմ կատարված ոճիրներ են: Այն դեպքում երբ վերջին երկուսը Եվրոպայում կասկածի տակ չեն առնվում, առաջինի` Հայկական ցեղասպանության, շուրջ շատ քիչ է հիշատակվում:
Զարմանքով կարելի է նկատել, թե ինչպես, դեռևս ոչ մեկի կողմից չճանաչված, Լեռնային Ղարաբաղի պետությունն իր 140 հազար բնակչությամբ զարգանում է` ձգտելով ժողովրդավարության բարձր մակարդակների և հասնելով զգալի նվաճումների:
Երկրի մայրաքաղաքը` Ստեփանակերտը, ավելի ու ավելի է նմանվում արևմտյան տիպի մայրաքաղաքի: Նաև նախագահ Բակո Սահակյանի շնորհիվ այս փոքր պետությունը բարեհաջող դուրս է մղել իր երկրից կոռուպցիան: Այս ոչ մեծ պետության մեջ հիանալի ընկալում են, որ ներքին տարաձայնությունները կարող են վտանգ հանդիսանալ իրենց գոյության համար: Ես եվս մեկ անգամ համոզվեցի, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պատրաստ են ամեն գնով պահպանելու իրենց հնադարյան մշակույթը, կրոնը և քաղաքակրթությունը:
Այն դեպքում, որ եվրոպական ժողովուրդները մերժեցին Լիսաբոնյան պայմանագրում նույնիսկ փոքրիկ ակնարկ կատարել Եվրոպայի քրիստոնեական արմատների մասին, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է մինչև վերջ պայքարել, որպեսզի այդ արմատները պահպանվեն: Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի համար նմանվելու հիանալի օրինակ է:
Հայերը պատմության կողմից ծանրագույն փորձությունների ենթարկված ազգ են: Այնպիսի տպավորություն ունեմ, որ նրանց ողջ պատմության ընթացքում պահպանել է մի անտեսանելի ձեռք: Եվ սա ապագայի համար լավատեսորեն տրամադրվելու պատճառ է հանդիսանում»:









