Պարսիկն Ավստրալիայում սպանել է կնոջը` կետչուպի ու թեյի պատճառով
Ավստրալիայի Ադելաիդ քաղաքում մի տղամարդ բռունցքով, այնուհետև դանակով ավելի քան 300 ականատեսի աչքի առաջ սպանել է կնոջը, տեղեկացնում է News.com.au-ն։
Պարսկական մշակույթի փառատոնին հրավիրված են եղել Զահրա և Զիալո Աբրահիմզադեհները։ Միջոցառման ընթացքում ամուսինը՝ Զիալոն իր անավարտ ուտեստի համար սրճարանի մատուցողուհուց կետչուպ, ապա նաև մեկ գավաթ թեյ է խնդրել։
Ականատեսների հավաստմամբ՝ այդ պահին նա հարձակվել է կնոջ վրա և բռունցքով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին։ 57-ամյա Զահրան փորձել է դիմադրել, սակայն ամուսինը դանակ է վերցրել ու սպանել կնոջը։
Ականատեսներին չի հաջողվել միջամտել մոլագարի գործողություններին, քանի որ ամեն ինչ ակնթարթային արագությամբ է տեղի ունեցել։
Աբրաիմզադեհների մերձավորները նշել են, որ Զիալոն, սովորաբար հանգիստ ու հավասարակշռված անձնավորություն է։ Սակայն շատերի կարծիքով՝ ամուսինների հարաբերությունները վերջին տարիներին բավական լարված են եղել ու Զիալոհն այդ քայլով «որոշել է վերջ տալ բոլոր անհամաձայնություններին»։









