Միլանում Պոլիտկովսկայայի անունով փողոց կլինի

14:58 • 28.02.12

Միլանի քաղաքային խորհուրդը որոշել է քաղաքի փողոցներից կամ հրապարակներից մեկն անվանակոչել 2006-ին սպանված ռուս լրագրող Աննա Պոլիտկովսկայայի անունով: Համապատասխան որոշումն ընդունվել է խորհրդի այսօրվա նիստում:

Il Tempo թերթի համաձայն` այս քայլով խորհրդարանականները որոշել են հարգանքի տուրք մատուցել «Նովայա գազետա»-ի սպանված լրագրողուհուն, որը մեծ ներդրում ունի մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Նման նախաձեռնությամբ են հանդես եկել «Աննավիվա» իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստները:

2009թ. Պոլիտկովսկայայի անունով փողոց է անվանակոչվել իտալական Ֆերարա քաղաքում: Նման փողոց կա նաև Թբիլիսիում: Բացի այդ, նրա անվան հրապարակ կա Հռոմում: Լրագրողուհու պատվին անվանակոչվել է նաև Եվրախորհրդարանի դահլիճներից մեկը:

Պոլիտկովսկայան սպանվել է իր տան մուտքի մոտ, 2006թ. հոկտեմբերին: Հետաքննությունը պարզել է սպանության կազմակերպիչներին ու կատարողներին, որոնց, սակայն, դատարանն արդարացրել է: Մինչ այսօր պաշտոնապես չի նշվում պատվիրատուի անունը: