Բողոքի ակցիա ԱԺ–ի դիմաց. պահանջում են անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի (տեսանյութ)

16:09 • 28.02.12

Տարբեր քաղաքական ուժեր այս պահին համախմբվել են Ազգային ժողովի առջև և շուրջ 300 համախոհներով բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով անցնել ամբողջական համամասնական ընտրակարգի:

Ակցիան նախաձեռնել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որին համաձայություն են տվել մասնակցելու նաև Հայ Ազգային Կոնգրես ըդդիմադիր դաշինքը և «Ժառանգություն» կուսակցությունը:

«Ձեր մեծամասնականը մեր համամասնականին չի», «Ո՛չ մեծամասնականին, այո՛ համամասնականին», «Անհաստագլուխ ԱԺ», «Մեծամասնականը հավասար է Լֆիկ Սամո, Նեմեց Ռուբո» նման վերտառությամբ ցուցապաստառներով են այստեղ ՀԱԿ համակիրներ։ Նրանք հանդես են գալիս կոչերով և նշում նաև առաջիկայում նախատեսված ՀԱԿ հանրահավաքի մասին: 

ՀՅԴ ներկայացուցիչներն ավելի շատ երգում են դաշնակցական երգեր, այդպես արտահայտելով իրենց բողոքը: Նրանց կողքին են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը և Արմեն Ռուստամյանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամվոր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նույնպես ներկա է ակցիային, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն հայտարարությունները, թե ամբողջապես համամասնական ընտրակարգին անցնելը դեմ է Սահմանադրությանը, սին խոսքեր են:

«Շատ երկրներում մեծամասնականն իր գործառույթը կատարում է իսկ մեր երկրում այն միանշանակ չի գործում: Թող գա ժամանակը և մենք կունենանք մեծ պետություն, թե՛ ֆիզիկապես, թե՛ բնակչությամբ, այդ ժամանակ գուցե ճիշտ լինի խառը ընտրակարգը, բայց տվյալ ժամանակ այն մեզ պետք չի»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հարցազրույցի տեսաձայնագրությունը ներկայացնում ենք ստորև։