Հազվադեպ հիվանդություններից ամենաշատը Հայաստանում պատահում է երևանյան հիվանդությունը

18:22 • 28.02.12

Հայաստանում ամենահազվադեպ հիվանդությունների շարքում առաջին տեղում է պարբերական հիվանդությունը (հայտնի է որպես երևանյան հիվանդություն), այս մասին Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ Թամարա Սարգսյանը այսօր ասաց լրագրողների հետ հանդիպմանը։
Նա տեղեկացրեց, որ Բժշկական գենետիկայի կենտրոնում յուրաքանչյուր շաբաթ այս հիվանդությամբ տառապող 60-80 երեխա է հետազոտվում:

«Մենք աջակցում ենք բոլոր երեխաներին: Պետությունը գումար է տրամադրում նրանց հետազոտության և բուժման համար: Անվճար բուժօգնությունից կարող են օգտվել միայն մինչև 7 տարեկան երեխաները, իսկ դրանից բարձրների համար հետազոտությունն ու բուժումը վճարով է, որը այնքան էլ մատչելի չէ: Պետք է նշել, որ գենետիկական հիվանդություների բուժումը թանկարժեք է բոլոր երկրներում»,- ասաց նա:

Ըստ Թամարա Սարգսյանի` հիվանդության տեմպերի աճ չի կարելի գրանցել, թիվը գրեթե կայուն է, պարզապես այժմ հետազոտություններն ավելի բարձր մակարդակով են իրականացվում և հիվանդությունն ավելի արագ է հայտնաբերվում:
«Այս հիվանդությունը մեզանում արդեն այնքան էլ հազվադեպ չի համարվում, բայց եթե վերցնենք այն աշխարհի մակարդակով, ապա հազվադեպների շարքում այն առաջիններից է: Իսկ այն խոսակցությունները, որ Հայաստանից հեռանալու դեպքում հիվանդությունը նահանջում է, այնքան էլ չի համապատասխանում ճշմարտությանը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ եթե նախկինում պարբերական հիվանդությունը մահացու էր համարվում, ապա այսօր ճիշտ բուժումների և ժամանակին արված հետազոտությունների դեպքում կարելի է որոշակիորեն կանխել դրա առաջխաղացումը:

Մասնագետը հավաստիացրեց, որ այսօր հիվանդության դեմ պայքարի լավագույն դեղամիջոցը կոլխիցինն է:
Հայաստանում տարածված հազվադեպ մյուս հիվանդություններից են` բնածին արատներմ , ու քրոմոսոմային սինդրոմները, նյութափոխանակության խանգարումների հետ կապված հիվանդությունները, մկանային դիստրֆիաները, հեմոֆիլիան, մտավոր հետամնացության գենետիկական ձևեր և այլն: