Աշխարհի ամենաթանկ կտավը աճուրդի կհանվի Նյու Յորքում

16:35 • 28.02.12

Նորվեգացի հայտնի նկարիչ Էդվարդ Մունկի 1895 թ.-ին նկարված «Ճիչ» («The Scream») կտավը գարնանը աճուրդի կհանվի Sotheby's աճուրդի տանը: Կազմակերպիչները նախատեսել են գլուխգործոցի համար ստանալ մոտ 80 մլն դոլար, սակայն վերջնական գինը կարող է և ավելի բարձր լինել:

Կտավը մոտ 70 տարի պահվել էր Թոմաս Օլսենի ընտանեկան հավաքածուում, ով եղել է նկարչի ընկերը: Աճուրդի նախօրեին կտավը կցուցադրվի Լոնդոնում, այնուհետ այն կտեղափոխեն Նյու Յորք:

Կտավը ի սկզբանե անվանվել է «Բնության ճիչ»: Այնուհետ, Մունկն իր հուշատետրերից մեկում բացատրել է այն «Ճիչ» անվանելու իմաստը. «Երկու ընկերներիս հետ քայլում էի արահետով: Անսպասելի արևը մայր մտավ և երկինքը արյան պես կարմիր գույն ստացավ: Հոգնածություն զգալով ես կանգ առա, ընկերներս շարունակեցին ճանապարհը, և ես կանգնած դողում էի հուզմունքից` զգալով բնության մեջ թափանցող անսահման ճիչը»: