Փարիզում նշել են Սումգայիթի հայկական ջարդերի 24-րդ տարելիցը

17:52 • 28.02.12

Փետրվարի վերջին Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (ՖԿՀԽ) ծրագրել և անցկացնում է միջոցառումների շարք` նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի 24-րդ տարելիցին։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ փետրվարի 26-ի առավոտյան Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում, որին ներկա են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչը, Ֆրանսիայում գործող հայկական միությունների ղեկավար և շարքային անդամներ, ֆրանսիական հասարակայնության ներկայացուցիչներ, ֆրանսահայության մի շարք ներկայացուցիչներ:

Պատարագից հետո թափորն ուղևորվել է դեպի Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձան, ուր ոգեկոչման տուրք է մատուցվել զոհերի հիշատակին: Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի զոհերի հիշատակին ծաղկեպսակներ են դրվեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի, Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, այլ կազմակերպությունների ու միությունների կողմից:

Փետրվարի 27-ի երեկոյան Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդն անցկացրել է Սումգայիթում և Ադրբեջանի այլ բնակավայրերում ջարդերի ենթարկված հայության հիշատակին նվիրված բազմամարդ հանրահավաք` ներկայությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանի:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ազգային խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը, ՖԿԽՀ համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Եզրափակիչ ելույթներով հանդես են եկել ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Վերջիններս կարևորել են միջազգային ասպարեզում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի պաշտպանության նպատակով ողջ հայության ներուժի համախմբման գաղափարը: Միջոցառմանը ներկա են եղել ավելի 400 ֆրանսահայեր, ֆրանսիացի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարության, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների, ԼՂՀ մշակույթի նախարարի, Ֆրանսիայում ԼՂՀ և ՀՀ դեսպանության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկման թեմաներն են եղել Ադրբեջանում հայկական ջարդերը և պատերազմական ընթացքը, Լեռնային Ղարաբաղի արդիական խնդիրները, Ֆրանսիա-ԼՂՀ միջխորհրդարանական համագործակցությունը, հայկական սփյուռքի զորակցությունը ԼՂ –ին` ընդդեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական քարոզչության, հակասությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի և ադրբեջանական պաշտոնական քարոզչության միջև: