Աֆղանստանում տալիբներն իրենց ընտանիքների հետ զոհվել են պայթյուններից

20:17 • 28.02.12

Աֆղանստանի հարավում «Տալիբան» շարժման անդամներն ու նրանց ընտանիքների անդամները` ընդհանուր առմամբ 14 մարդ, մահացել է 2 ռումբերի պայթյունից:

Զոհվածների թվում են 4 կին և 3 երեխա:

Ըստ տեղական ԶԼՄ-ների այսօր տարածած տվյալների` դեպքը տեղի է ունեցել երեկ:

Առաջին ռումբը պայթել է Հելմանդ նահանգի` Նավզադ շրջանում, երբ 6 գրոհային իրենց հրամանատարի հետ փորձել են ռումբը տեղադրել մեքենայում:

Նույն օրը նույն նահանգում 2-րդ ռումբը պայթել է տալիբների հրամանատարներից մեկի տանը` խլելով 7 մարդկային կյանք։
Իրավապահ մարմնինների տվյալներով` այդ տանը տալիբները զբաղվել են ռումբերի և ականների պատրաստումով:

Ճանապարհներին ականների տեղադրումը աֆղանստանցի ահաբեկիչների նախընտրած գործելաոճն է: Որպես կանոն ահաբեկիչների զոհերը խաղաղ բնակիչներ են լինում:

ՄԱԿ-ի տվյալներով, 2011-ին տալիբների գործողություններից շուրջ 1.000 մարդ է զոհվել: