Սահմանադրական խորհուրդը Ֆրանսիայի նման երկրին անհարիր որոշում ընդունեց. Հրաչ Վարժապետյան
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը քիչ առաջ հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքին:
«Սահմանադրական խորհուրդը Ֆրանսիայի նման երկրին անհարիր որոշում ընդունեց»,-«Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը` ավելացնելով, որ Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է այդ որոշման դեմ բողոքի ակցիաներ անցկացնել:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ին ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում և 45.000 եվրո տուգանք էր սպառնում։









