Դատական համակարգի նկատմամբ չկա վստահություն. Վազգեն Մանուկյան
Այսօր Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահության շատ մեծ պակաս կա, այս մասին այսօր ասաց Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ ներկայացնելով խորհրդի հաշվետվությունը։
«Եթե դատարանների հանդեպ չկա վստահություն, դա արդեն շատ վատ է: Անվստահություն կա, և շատ են բողոքները, քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման դեպքերը, իսկ այդ ամենն էլ ուղակի կապված է դատական ատյանների կողմից անարդարացի որոշումներ ընդունելու հետ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Հանրային խորհուրդն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև գիտության հիմնախնդիրները և գտնում է, որ կառավարությունը պետք է վերանայի գիտության ֆինանսավորման կարգը:
Խոսելով դասագրքերում առկա թերություններից, Վազգեն Մանուկյանն ասաց, որ դասագրքերը պետք է փոխվեն. «Պատմության դասագիրքը երեխան կարդալով պետք է ոգեշնչվի, սակայն այդպես չէ»,- ասաց նա։
Վազգեն Մանուկյանը նաև ասաց, որ Հանրային խորհրդի և Գյուղատնտեսության նախարարության միջև նախորդ տարում սերտ համագործակցություն է ծավալվել: Չնայած գյուղատնտեսական համակարգում առկա խնդիրներին, այնուհանդերձ Հանրային խորհուրդը պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որպեսզի այն միջոցներ ձեռք առնի գյուղատնտեսական գործիքների տեղական արտադրությունն ավելացնելու ուղղությամբ։
Նրա խոսքով՝ Հանրային խորդուրդը մտահոգված է նաև հեռուստաեթերի «աղտոտվածության, հայերեն լեզվի օրեցօր խորացող աղավաղումների, անիմաստ և մշակութային արժեք չներկայացնող հաղորդումների բովանդակությամբ և մակարդակով»:









