Ժիրինովսկին Պուգաչովային «5 րոպեն մեկ տղամարդ փոխող պոռնիկ է» անվանել (տեսանյութ)
Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի շրջանակում անցկացվող քաղաքական բանավեճերից մեկի ժամանակ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Բորիսովնա Պուգաչովային «ծախվածության» մեջ է մեղադրել:
Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, «Ռոսիա1» հեռուստաալիքով հեռարձակվող Վլադիմիր Սոլովյովի «Մենամարտ» հեռուստահաղորդման նկարահանումների ժամանակ (հաղորդումը եթեր է հեռարձակվելու այսօր` ժամը 21:50-ին, հաղորդումից որոշ հատվածներ, սակայն, արդեն հասանելի են) Ժիրինովսկին ասել է, թե Պուգաչովան և մյուս բոլոր ռուս արտիստները «ծախված են», իսկ երգչուհին, ի պատասխան, նրան «երկրի խայտառակություն է» անվանել:
«Ես կարծում էի, որ դուք քաղաքական գործիչ եք, խորամանկ մարդ եք, պարզվում է, որ պարզապես ծաղրածու եք և խելացնորի մեկը»,- հայտարարել է Պուգաչովան:
«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, հենց դրանում է իմ ողջ հմայքը»,- հակադարձել է Ժիրինովսկին:
Կուսակցապետը հավելել է, թե Ռուսաստանի բոլոր արտիստները հանուն փողի պատրաստ են «ամեն ինչի»: «Դուք` արտիստներդ, ամենավերջին պոռնիկների նման հանուն փողի պառկում եք ցանկած ղեկավարի տակ»,-հայտարարել է Ժիրինովսկին` հավանաբար նկատի ունենալով այն, որ Պուգաչովան նախագահի մեկ այլ թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձն է:
Եվ երբ Պուգաչովան փորձել է ընդհատել Ժիրինովսկիին, իսկ հաղորդավարը զգուշացրել է, թե «օրենքով» այժմ Ժիրինովսկիի ելույթի ժամանակն է, կուսակցապետն ասել է. «Նա դա չի հասկանում, օրենքներ չի կարդում և միայն մեկ օրենք ունի` 5 րոպեն մեկ ամուսին փոխել»:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը վերջում չի մոռացել նաև «Ռոսիա1» հեռուստաընկերությանը մեղադրել «ծախվածության» մեջ:
Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4–ին։ Այդ օրը նախագահի աթոռի համար կպայքարեն գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը (առաջադրվել է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վադիմիր Ժիրինովսկին, հայտնի ձեռնարկատեր Միխայիլ Պրոխորովը։
Նախընտրական բանավեճերը ռուսական հեռուստատեսությամբ սկսվել են փետրվարի կեսերից և ավարտվելու են մարտի 2-ին:









