Տավուշում հակառակորդի գնդակից հայ զինվոր է վիրավորվել
Փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժի գնդակից Տավուշի մարզի սահմանային հատվածում ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի շարքային Արման Մուրադի Սեդրակյանն արձակված գնդակից մարմնական վնասվածք է ստացել որովայնի շրջանում:
Արման Սեդրակյանին, ով զորակոչվել է Էջմիածնի զինկոմիսարիատից` 2010թ-ի երկրորդ զորակոչին, սկզբում տարել են Նոյեմբերյանի հոսպիտալ, այնուհետ` ժամեր անց տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ներկայումս նրա առողջական վիճակը բավարար է:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպան նաև հայտնեց, որ տեղի ունեցածի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ հատկանիշներով:









