Զյուգանովը նախագահ դառնալու դեպքում առավելագույն ջանքեր է գործադրելու ԼՂ հարցի լուծման համար

13:16 • 28.02.12

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Գենադի Զյուգանովն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում ասել է, թե նախագահ ընտրվելու դեպքում առավելագույն ջանքեր է գործադրելու ԼՂ հարցի լուծման համար:

«Այդ հարցը (ԼՂ հարցը) պետք է լուծվի մշտական բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները պետք է խելամիտ լինեն ու հավասարակշռված: Ցանկանում իմ անձնական դիրքորոշումը հայտնել` նախագահ ընտրվելու դեպքում առավելագույն ջանքեր եմ գործադրելու  ԼՂ հակամարտության կարգավորման համար,-ասել է Զյուգանովը և հավելել,-նպաստելու եմ հարցի խաղաղ ճանապարհով լուծմանը և ձգտելու եմ այնպես անել, որ երկու կողմերն էլ գոհ մնան»:

Զյուգանովը նշել է, որ ինքը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռակողմ` Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ձևաչափով բանակցություններին:

«Ես, ինչպես և Դմիտրի Մեդվեդևը (Ռուսաստանի նախագահ), կողմ եմ այդ ձևաչափով հանդիպումների անցկացմանը: Ես միշտ աջակցել եմ խաղաղ բանակցություններին: Նախագահ ընտրվելուց հետո  իմ հերթին առավելագույն ջանքեր եմ գործադրելու` ԼՂ հարցի լուծման համար»,-հավելել է Զյուգանովը:

Կուսակցապետն ընդգծել է, որ Կովկասում Ռուսաստանի քաղաքականությունը պետք է ավելի հետաքրքրիր, արդարացի և խելամիտ լինի:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4–ին։ Այդ օրը նախագահի աթոռի համար կպայքարեն գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը (առաջադրվել է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վադիմիր Ժիրինովսկին, հայտնի ձեռնարկատեր Միխայիլ Պրոխորովը։