Վրաստանը վերացրել է վիզային ռեժիմը ՌԴ քաղաքացիների համար
Վրաստանը այսօրվանից միակողմանի կարգով վերացրել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը: Երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաման է ստորագրել, որի համաձայն ՌԴ քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել առանց վիզա ստանալու, հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով Վրաստանի կառավարությանը:
ՌԴ տասնյակ քաղաքացիներ, որոնք այսօր սովորական չվերթերով ժամանել են Վրաստան, օդակայանի անցագրային կետը անցել են առանց վիզա ստանալու: Նրանց անձնագրերում միայն սահմանը հատելու հաշվառման կնիք է դրվել:
Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի խորհրդարանում իր ելույթում առաջարկել էր միակողմանի կարգով վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը. «Ես Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը միակողմանի կարգով վերացնելու` նոր նախաձեռնությամբ եմ հանդես գալիս: Պետք է, որ յուրաքանչյուր ռուսաստանյան գործարար իմանա, որ կարող է Վրաստան գալ, ներդրումներ անել, փող բերել, փող տանել, բիզնես անել, արտադրություն հիմնել: Դա պաշտպանված կլինի: Նրանք նաև ազատ կտեղաշարժվեն այնպես ինչպես և մյուս երկրների ներկայացուցիչները: Եվ նրանց համար, իչքան հնարավոր է, հարմարավետ ռեժիմ կսահմանվի»,- խոստացել էր Սաակաշվիլին:









