Բնապահպանները չեն վստահում վարչապետին և չեն հեռանա Մաշտոցի այգուց
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու և դրանք տեղափոխելու են, բնապահպաններին համոզիչ չի թվում և այդ պատճառով էլ նրանք մտադիր չեն այդ հայտարարության հիման վրա լքել Մաշտոցի պուրակը:
«Չեմ հասկանում, ինչի՞ պիտի դա լուրջ ընդունեմ, երբ այսօր առավոտյան կրպակների չափագրումներ էին արվում: Դա նշանակում է, որ բոլորովին էլ մտադրություն չկա կրպակները հանել և այգին վերադարձնել քաղաքացիներին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Նա նշեց, որ այգում շարունակելու են հավաքվել այնքան, մինչև վերջնականապես համոզված չլինեն , որ հանրային տարածքում տեղադրված կրպակներն ապամոնտաժվելու են: Իսկ միջոցառումների շարքն ըստ նախատեսվածի շարունավելու է` ընթերցանություններ, հեղինակային երգեր, նկարների ցուցադրություն, բնապահպանական և այլ քաղաքացիական թեմաներով քննարկումներ և այլն:
Մարիամ Սուխուդյանը հիշեցրեց, որ մարտի 3-ին՝ ժամը 15:00-ին, Մաշտոցի այգում անցկացվելու է բնապահպանական մեծ ֆորում, որի ժամանակ քննարկվելու են երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցեր:
Ինչ վերաբերում է Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու՝ նախագահի հանձնարարականին, ապա բնապահպանները նշեցին, որ քննարկման համար ֆորումը լավ առիթ կլինի, ոչ միայն այգու պաշտպանությանը միացած քաղաքացիների, այլև հակառակ տեսակետն ունեցողների համար:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի կազմման շրջանակներում հայտարարել է, որ Մաշտոցի այգում մշտական տաղավարներ չեն տեղադրվելու և դրանք տեղափոխելու են:
Վարչապետը նշել է որ առկա է ՀՀ նախագահի հանձնարարականը` Մաշտոցի այգու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնելու համար:
«Այդ ծրագիրը պետք է հաստատվի նաև կառավարության կողմից, որպեսզի վստահություն լինի քաղաքացիների մոտ, որ այդ խնդիրը կլուծվի: Ես, ընդհանրապես, մշտական տաղավարների տեղադրմանը դեմ եմ, և ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այդ տաղավարները տեղափոխվեն: Մշտական տաղավարներ այգիներում չպետք է լինեն: Երևանում գոյություն ունի կանաչ տարածքների խնդիր և ինձ դուր չի գալիս, որ այնտեղ իրականացվում է կապիտալ շինարարություն»,- ասել է վարչապետը:









