Մարտի 1-ի հանրահավաքով տալիս ենք քաղաքական տարվա մեկնարկը. Արամ Մանուկյան
Վերլուծություն-մեկնաբանությունները, որ այս ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին հեռանալու է քաղաքականությունից, Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը որակում է մեկ՝ «հիմարություն» բառով:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀՇ նախագահը նշեց, որ ՀԱԿ առաջիկա՝ մարտի 1-ով ընդդիմությունը տալիս քաղաքական տարվա մեկնարկը: «Նախընտրական շրջան է, կներկայացվեն առաջիկա ամիսների անելիքները, ծրագրերը, ընտրության մասնակացությունը: Քաղաքական ակտիվ փուլ է»,-ասաց Արամ Մանուկյանը՝նշելով, որ առաջիկա հանրահավաքին հայտարարություններ կլինեն նաև հանրահավաքների հաճախության, ինտենսիվության և այլ հարցերի վերաբերյալ:
«Բնականաբար էդպես է, քանի որ մտնում ենք ակտիվ նախընտրական փուլ, միտինգները կակտիվանան»,-հավելեց նա:
Հարցին, թե ՀԱԿ-ում «Հանրապետություն» կուսակցության վերջին քայլի հետ կապված ի՞նչ դիրքորոշում կա Կոնգրեսի ներսում, Արամ Մանուկյանը պատասխանեց՝ ասելով, որ նորմալ է գնահատում: « Ցանկացած կուսակցություն ինքնուրույն է, և ինքն է որոշում իր մասնակցության ձևն ու չափը: Որևէ արտառոց բան չեմ տեսնում»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Հանրապետությունը« հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ կուսակցության որոշմամբ իր անդամներից Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկված է լինելու միայն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այս քայլով, փաստորեն, «Հանրապետությունն» իր մասով գոնե փորձել էր հեշտացնել ՀԱԿ առաջնորդի՝ նախաընտրական ցուցակները կազմելու գործում բարդությունները, որոնք ըստ մամուլի՝ ուղեկցում են ողջ այս գործընթացը:
Ի պատասխան Tert.am-ի հարցադրմանը՝ թե սա ինչ-որ առումով կարելի՞ է դիտարկել որպես դեմոնստրացիա և առաջարկ, որ մյուսներն էլ վարվեն իրենց նման, Արամ Մանուկյանը պատասխանեց. «Չէ, որևէ «մեսիջ» իր ասածի մեջ չկար»:
Այսինքն ըստ Արամ Մանուկյանի՝ «Հանրապետությունում» վարվել են այնպես, ինչպես գտել են հարմար, և, այստեղ որևէ արտառոց բան չկա:









