«Արմավիան» և ռուսական «Տրանսաէրոն» կհամագործակցեն

12:27 • 29.02.12

Հայաստանի ազգային ավիափոխադրողի և ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերության միջև դեռևս անցած տարի կնքված համագործակցության պայմանագրով, առաջիկայում Ռուսաստանի Դաշնության «Դոմոդեդովո» օդակայանից շաբաթը 4 անգամ թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան։

Այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը և «Տրանսաէրոի» տնօրեն Օլգա Պլեշակովան՝ այս ընկերության այսօր դեպի Երևան կատարած առաջին թռիչքից հետո:

Թռիչքներն իրականացվելու են «Բոինգ 737» օդանավով, որն ունի ինչպես էկոնոմ, այնպես էլ բիզնես դասի սրահներ։
Ռուսական ավիաընկերությունը թռիչքներն իրականացնելու է հիմնականում տեղփոխի («ստիկովկա») միջոցով, այսինքն՝ ուղեևորն այստեղից «Արմավիայի» միջոցով կթչռի «Դոմոդեդովո» օդակայան, որտեղից «Տրանսաէրոյի» միջոցով կտեղափոխվի օրինակ այլ երկիր։

«Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի տեղեկացմամբ՝ ռուսական ավիաընկերությունը կկատարի թռիչքներ դեպի ԱՄՆ, հարավարևելյան երկրներ, Աֆրիկա և այլն:

«Սա ավելի հարմարավետ կլինի մեր ուղևորների համար, քանի որ այս ընկերությունը մասագիտացած է դեպի հեռավոր երկրներ թռիչքներ կատարելու մեջ»,– բացատրեց Բաղդասարովը:

Հարցին, թե երկու ավիաընկերությունների համագործակցությունը որքանով կազդի տոմսերի գնային քաղաքականության վրա , Միխայիլ Բաղդասարովը պատատսխանեց. «Գներն, ընդհանուր առմամբ, էժան կլինեն «ստիկովկայից» օգտվողների համար, երբ ասենք թռնում ես, իսկ Մոսկվա-Երևան չվերթը կարժենա այնքան, որքան որ ամենուր»:

Նշենք, որ «Տրանսաէրոն» ներառված է ամենանվտանգ թռիչքներ իրականացնող աշխարհի 15 ընկերությունների շարքում, իսկ Եվրոպայի ամենաանվտանգ ուղևորափոխադրող ավիընկերությունների շարքում այն 5-րդն է։