Բաքուն արդեն 300 միլիոն դոլար է ուզում Գաբալայի համար

10:08 • 29.02.12

Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության համար 7 մլն դոլարի փոխարեն 300 մլն վճարել, գրում է «Կոմերսանտը»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում, այդ գումարը անհամապատասխան են համարում և սպառնում են լքել Գաբալան:

Այս տարի լրանում է Մոսկվայի և Բաքվի միջև կնքված համաձայնության 10 տարին: Պայմանագրի համաձայն, վարձակալության ժամկետը մեխանիկորեն երկարում է հաջորդ երեք տարվա համար, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից կես տարի առաջ չի տեղեկացնի մյուս կողմին պայմանագիրը լուծարելու մասին. հերթական ժամկետը լրանում է հունսիսի 9-ին: Մինչ այդ կողմերը պետք է հասցնեն կարգավորել բոլոր խնդիրները: Մոսկվան նպատակ ունի երկար ժամանակով փակել Գաբալաի խնդիրը` համաձայնությունը երկարացնելով ոչ թե 3, այլ 25 տարով:

Անցած տարվա նոյեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, ռուս նախարարը հայտարարել էր , որ կողմերը համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ, բացի ֆինանսականից: Այդ հանդիպման ժամանակ, Ադրբեջանը ցանկություն էր հայտնել կրկնապատկել վարձակալության ֆումարը` 7 մլն-ից դարձնեկով 15 մլն:

Հավելենք, որ Գաբալայից Ռուսաստանի հեռանալը կարող է խնդիրների հանգեցնել: Ադրբեջանի այդ օբյեկտին միանգամից կարող են հավակնել ՆԱՏՕ անդամ երկրները և առաջին հերթին ԱՄՆ-ը և Թուրքիան, իսկ այդ դեպքում Մոսկվան ոչ միայն կկորցնի Վաշինգտոնի հետ հակահրթիռային պաշտպանության հարցում իր ունեցած «զենքը», այլև ամերիկացիներին կտա մի այնպիսի կայան, որը կարող է օգնել նրանց Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում: