Արտակարգ դրության մասին օրինագիծը պետք է վաղուց ընդունվեր. Ռաֆիկ Պետրոսյան

14:35 • 29.02.12

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը» ավելի վաղ պետք է ընդունվեր, այս մասին այսօր ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, սույն օրինագծի քննարկման ժամանակ:
Չնայած Ռաֆիկ Պետրոսյանն օրինագծին կողմ է, սակայն համաձայն չէ որոշ կետերի հարցում: «Քաղաքականությունը զինվորի գործ չէ։ Թողե՛ք բանակին հանգիստ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ հարցրեց, թե ինչու են Ազգային ժողովր դարձնում «տրյապկա»:

Օրինագծի շուրջ քննարկումների ժամանակ նախաձեռնությանը դեմ արտահայտվեցին նաև Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգությունից», Արծվիկ Մինասյանը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից:

Արմեն Մարտիրոսյանը մասնավորապես ասաց, որ Ոստիկանության ուժերն ու ազգային անվտանգության ծառայությունը լիովին բավարար է նման միջոցառումների ժամանակ կարգ ու կանոն պահպանելու համար:

«Ժառանգության» պատգամավորը նաև տարակուսանք հայտնեց, թե զինվորն ունի արդյոք հատուկ պատրաստվածություն, որպեսզի նման իրավիճակների ժամանակ կարողանա գործել օրենքի համաձայն: Նա հիշեց նաև, որ օրենք է ընդունվել այն մասին, որ զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանները պետք է լինեն մասնագիտացված՝ ավելացնելով, որ զինծառայողները նման պատրսատվածություն չունեն:

ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ, հակադրվելով դեմ արտահայտվող պատգամավորներին, ասաց, որ արտակարգ դրությունը մտցվում է, եթե վտանգվում է երկրի անվտանգությունը:

«Այն չի կարող ծառայել այլ բանի, քան սահմանդրական կարգի սպառնացող վտագը վերացնելուն»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Օրինագծի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: