Եգիպտոսում ձերբակալվածը «Ալ Քաիդայի» ժամանակավոր ղեկավարը չէ
Այսօր Կահիրեի օդանավակայանում ձերբակալված եգիպտացին «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ժամանակավոր ղեկավարը` Սեյֆ ալ-Ադլը չէ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով Եգիպտոսի ուժային կառույցի ներկայացուցիչներին:
Եգիպտոսի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների խոսքերով, ձերբակալված քաղաքացին իսկապես փնտրվել է տեղի իրավապահների կողմից 1990-ականներին` Եգիպտոսում Մուբարաքի ռեժիմի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացրած «Իսլամական ջիհադ» կազմակերպության հետ կապեր ունենալու համար: «Սակայն այդ մարդը Սեյֆ ալ-Ադլը չէ», - նշել են ուժայինները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ժամանակավոր ղեկավար Սեյֆ ալ-Ադլը ձերբակալվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանում` ժամանումից անմիջապես հետո:









