Ռուսաստանն Իսրայելին է փոխանցել իրանական «С-300» համակարգը կոտրելու գաղտնագրեր. WikiLeaks

13:34 • 29.02.12

Իսրայելը Ռուսաստանին է փոխանցել Վրաստանին մատակարարվող անօդաչու սարքերի գաղտնագրերը, փոխարենը` ստացել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը կոտրելու գաղտնագրեր, գրում է իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» թերթը` վկայակոչելով WikiLeaks կայքին (կայքը սկսել է հրապարակել ամերիկյան Stratfor հետախուզական մասնավոր ընկերության աշխատակիցների նամակագրությունը):

Stratfor-ի աշխատակիցների նամակագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի ու Իսրայելի միջև տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը կնքվել է մինչ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը, որի ժամանակ Վրաստանը, ենթադրաբար, օգտագործել է իսրայելական անօդաչու սարքեր:

Փաստաթղթում ասվում է, որ Ռուսաստանն Իսրայելին է տվել իր կողմից Իրանին մատակարարվող С-300 համակարգը «կոտրելու» գաղտնագրեր:

Նամակագրության մեջ ընդգծվում է, որ Թուրքիան նույնպես հետաքրքրված է եղել С-300-ի գաղտնագրերը ստանալու հարցում և այս կապակցությամբ սերտ համագործակցել իսրայելական հետախուզության հետ: Բանն այն է, որ այդ համալիրները մատակարարվել են Հունաստանին` Անկարայի մրցակցին, գրել է թերթը:

Stratfor-ն ամերիկյան վերլուծական- հետախուզական մասնավոր ընկերություն է (այն անվանում են նաև «ստվերային ԿՀԾ»), որը զբաղվում է աշխարհում կատարվող դեպքերի հավաքագրմամբ ու վերլուծությամբ: