Մարտի 3-ին բնապահպանական ֆորում Մաշտոցի պուրակում

14:17 • 29.02.12

Բնապահպան ակտիվիստները հայտարարություն են տարածել, որը տեղեկացնում է, որը մարտի 3-ին Մաշտոցի պուրակում տեղին կունենա «Ինքնորոշված քաղաքացու ծնունդը Մաշտոցի պուրակում» խորագրով բնապահպանական ֆորում, որը կսկսվի ժամը 15։00–ին և կտևի 2 ժամ։

Ակտիվիստների հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ մարտի 3-ին լրանում է Մաշտոցի պուրակում ընթացող քաղաքացիական պայքարի 22-րդ օրը:

«Այս օրերի ընթացքում չնայած այգու պաշտպաններին հաջողվեց կասեցնել պուրակում ծավալվող ապօրինի շինարարական աշխատանքները և խնդիրը բերել իրավական հարթություն, այնուհանդերձ քաղաքապետարանի կողմից շինարարությունը դադարեցնելու, կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը ապամոնտաժելու և պուրակը բարեկարգելու վերաբերյալ պաշտոնական որոշում չընդունվեց»,– ասվում է հաղորդագրությունում:

Ակտիվիստները նշում են, որ Երևանի քաղաքային իշխանություններին ուղղված իրենց գլխավոր պահանջն է «ապամոնտաժել հանրային տարածքում տեղադրված կրպակներն ու սրճարանի ընդլայնված հատվածը և վերակնագնել հանրային տարածքը՝ ի շահ հանրային սեփականության իրավունքի»:

«Յուրաքանչյուր ոք, ով միանում է այս պահանջին, մարտի 3-ին, ժամը 3-ին Մաշտոցի պուրակում իր ֆիզիկական ներակայությամբ կարող է ապացուցել, որ հանրային սեփականության համար մղվող պայքարի թիկունքին իսկապես կանգնած է հանրությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության ինքնորոշված քաղաքացու»,– ասվում է հայտարարությունում:

Ակնկալվում է, որ Ֆորումի ընթացքում կքննարկվեն երկրում առկա բնապահպանական, հանրային ունեցվածքի և սեփականության հարցերը: Կներկայացվեն հանքարդյունաբերության, մասնավորապես՝ Թեղուտի, Քաջարանի, Ջերմուկի, հանրային կանաչ տարածքների, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության օրինագծի» հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները: