Ընտրությունները չենք դիտարկում որպես բոքս. Գուրգեն Արսենյան
Միավորված աշխատանքային կուսակցությունն (ՄԱԿ) առաջիկա խորհրդարանական ընտրությունները չի դիտարկում որպես բոքս, այլ որպես մրցակցություն, և ժամանակն է, որպեսզի Հայաստանի քաղաքական օրակարգում հայտնվի քաղաքական ընտրության գաղափարը, ինչը թույլ կտա գնալ «տեսակների» ընտրության, այս մասին այսօր Միավորված աշխատանքային կուսակցության 8-րդ համագումարին հայտարարեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:
Արսենյանը նշեց, որ այս ընտրություններում ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերը հանդես գա առանցքներով՝ պահպանողական, լիբերալ-ազատական, և կոչ արեց, որպեսզի պահպանողական արժեքներ դավանող քաղաքական ուժերը համախմբվեն Հայաստանի Հանրապետական կուսակցության շուրջ՝ պահպանողականների առանցքում, իսկ լիբերալները՝ լիբերալների:
Այստեղ կուսակցության առաջնորդն ստիպված եղավ ընդհատել իր ելույթը ՝դիմավորելու համար համագումարի հյուրերին՝ նախ ԲՀԿ-ականներ Վարդան Օսկանյանին, Նաիրա Զոհրաբյանին և Խաչիկ Գալստյանին, ապա՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Այս պահից սկսած Գուրգեն Արսենյանի ընդհատված ելույթը շարունակվեց հայտարարությամբ, որ ՄԱԿ-ն ու ԲՀԿ-ն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու մեկ միասնական ցուցակով:
Համագումարին ողջույնի խոսքով հանդես եկած Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակիցների հետ փակ դռների հետևում մոտ տասը րոպե նշելով դաշինքը, Գուրգեն Արսենյանն ավելի ուշ՝ արդեն լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացրեց այս որոշման պատճառը, նախապատմությունը և պատասխանեց լրագրողների հարցերին:
Մեկ միասնական ցուցակով հանդես գալու պայմանավորվածություններ, Գուրգեն Արսենյանի խոսքով, ձեռք են բերվել դեռ դեկտեմբերին:
Հարցին, թե կարելի է համարել, որ ԲՀԿ-ի հետ դաշինքով հանդես գալու պատճառն այն էր, որ ՄԱԿ-ում վստահ չէին իրենց ուժերի վրա, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Համարեք ոնց ուզում եք, սակայն ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ խորհրդարանական ընտրություններին պետք է գնալ քաղաքական ֆորմատներով»:
Հարցին, թե ՄԱԿ–ն ինչու ընտրեց ԲՀԿ-ի հետ համագործակցությունը, այլ ոչ օրինակ՝ ՀՀԿ-ն, Գուրգեն Արսենյանը պատասխանեց՝ ասելով, որ ՀՀԿ-ն պահպանողական գաղափարախոսության, իսկ ՄԱԿ-ը՝ լիբերալ գաղափախոսության կուսակցություն է, այսինքն՝ տարբեր բևեռներում են:
Tert.am –ի հարցին, թե ՄԱԿ-ն ինչ քվոտայով ներկայացված կլինի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, Արսենյանն ասաց. «Չի քննարկվել»։ Արսենյանը նույն պատասխանը տվեց հարցի, թե արդյոք ճիշտ է, որ նա ԲՀԿ-ի համամասնականա ցուցակի 5-րդ համարն է լինելու:









