Ամբողջությամբ համամասնականին անցնելու մասին օրինագիծը չընդունվեց
Ազգային Ժողովում քիչ առաջ կայացած քվեարկության արդյունքում 30 կողմ, 56 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:
Օրինագծին կողմ են քվեարկել «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորները, ինչպես նաև մի քանի պատգամավորներ ԲՀԿ–ից։ ԲՀԿ–ից կողմ են քվեարկել պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Մարտուն Գրիգորյանը, Գոհար Գևորգյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Արամ Սաֆարյանը, Ռուբեն Գևորգյանը և Նաիրա Զոհրաբյանը։ Կողմ է քվեարկել նաև նախկին ԱԺ նախագահ, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։
Հիշեցնենք, որ օրինագիծն առաջադրվել էր ԱԺ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների կողմից։ Մասնավորապես, օրենքի հեղինակներներ էին հանդես եկել պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Արծվիկ Մինասյանը, Վահան Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը։
Օրինագիծը թեժ քննարկումների առիթ դարձավ հասարակության, մասնավորապես՝ քաղաքական շրջանակներում։ Խնդրի կապակցությամբ տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկումներ եղան։ Օրինագիծը հավանություն էր ստացել գրեթե բոլոր քաղաքական ուժերի շրջանում և պայմանականորեն ստացել «Կոնսեսուս –1» անունը՝ «-1»–ի տակ նկատի ունենալով իշխող «Հանրապետական» կուսակցությանը։
ԱԺ «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների կողմից օրինագիծը ԱԺ–ում լսումներ անցկացնելու նամակի տակ իր ստորագրությունն էր դրել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Հիշեցնենք նաև, որ օրինագծի քվեարկությունը, որ նախատեսված էր երեկ, քվորումի բացակայության պատճառով տեղափոխվեց այսօր։
Երեկ ԱԺ–ում քվեարկությունը ուղեկցվում էր ՀՅԴ կողմից կազմակերպված հանրահավաքով, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև «Ժառանգությունը» և «Հայ ազգային կոնգրեսը»։
Այսօր ևս ԱԺ–ի դիմաց ՀԱԿ–ի համակիր մոտ երկու տասնյակ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնել օրինագծի ընդունմանը։









